
ԱՐԱ ՄԱԼԻԿՅԱՆԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանում առաջին անգամ ելույթ կունենա աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիկյանը: Համերգները տեղի կունենան սույն թվականի հոկտեմբերի 13-ին և 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում:
Լինելով հայրենի երկրում և ներկայացնելով իր երաժշտական-կատարողական արվեստը հայ հանդիսատեսին՝ Մալիկյանն իր աջակցությունն ու զորակցությունն է հայտնելու Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին. համերգներից ստացված հասույթը Արա Մալիկյանը և «ԹԻ ԷՄՊրոդակշն» ընկերությունը ուղղելու ենի նպաստ արցախահայության:
Լիբանանահայ ծագումով իսպանացի ջութակահարի տաղանդը բացահայտվել է վաղ տարիքում՝ չնայած այն հանգամանքին, որ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ընթացքում երկար ժամանակ նա ստիպված է եղել ապրել ու սովորել ռմբապաստարաններում։ Մալիկյանը մասնագիտական կրթություն է ստացել Հանովերի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում և Լոնդոնի Գիլդհոլի երաժշտության և դրամայի դպրոցում, ինչպես նաև դասեր առել աշխարհահռչակ ջութակահարներ, պրոֆեսորներ Ռուջերո Ռիչչիից, Իվրի Գիտլիսից, Հերման Կրեբբերսից և այլոցից։ 2000 թվականից երաժիշտը բնակություն է հաստատել Իսպանիայում:
Արա Մալիկյանի հարուստ նվագացանկն ընդգրկում է տարբեր դարաշրջանների կոմպոզիտորների բազմաժանր ստեղծագործություններ՝ Բարոկկոյից մինչև ժամանակակից երաժշտություն: Նրա երկացանկում առանձնահատուկ տեղ է գրավում հայ ժողովրդական և դասական երաժշտարվեստը։ Ուսումնասիրելով և սերտելով Մերձավոր Արևելքի, Կենտրոնական Եվրոպայի, Արգենտինայի և Իսպանիայի երաժշտական մշակույթը՝ ջութակահարը ստեղծել է իր ուրույն կատարողական ոճը։
Արա Մալիկյանը համերգներով հանդես է եկել 40-ից ավել երկրներում՝ ԱՄՆ, Կանադա, Բրազիլիա, Գերմանիա, Ավստրիա, Իտալիա, Ֆրանսիա, Նորվեգիա, Չեխիա, Չինաստան, Մալայզիա և այլուր: Որպես մենակատար՝ ելույթներ է ունեցել Տոկիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Մադրիդի սիմֆոնիկ նվագախմբի, Ցյուրիխի կամերային նվագախմբի, Լոնդոնի կամերային նվագախմբի հետ և այլն: Ջութակահարը թողարկել է ավելի քան երկու տասնյակ ալբոմ, որոնց թվում են «15»-ը՝ նվիրված Իսպանիայում բնակություն հաստատելու 15-ամյակին, «Ջութակի անհավանական պատմությունը», «Royal Garage» և այլն:
Արա Մալիկյանը ժամանելու է իր աշխատանքային թիմի և երաժշտախմբի հետ՝ դաշնակահար Իվան «Մելոն» Լյուիս, կոնտրաբասահար Իվան Ռուիս Մաչադո, թմբկահար Գեորվիս Պիկո Միլան, կիթառահար Դայան Աբադ: Հայաստան են ժամանելու նաև իսպանական հեղինակավոր լրատվամիջոցների թղթակիցներ, որոնք կպատրաստեն հաղորդումներ՝ նվիրված Հայաստանի բազմադարյա պատմությանն ու հարստագույն մշակույթային ժառանգությանը և կլուսաբանեն Մալիկյանի հայաստանյան համերգները:
Tkt.am կայքից ձեռք բերված տոմսերի վերադարձը կատարվում 5% սպասարկման վճարի պահումով .
Միջոցառումից 72 ժամ առաջ գումարը չի վերադարձվում
Կազմակերպիչների կողմից միջոցառումը չեղարկելու կամ հետաձգելու դեպքում տոմսի գումարը կվերադարձվի ամբողջությամբ, առանց սպասարկման վճարի։
Գումարի վերադարձը կատարվում է բանկի կողմից 7 աշխատանքային օրվա ընթացքում: Վաճառողը պատասխանատվություն չի կրում բանկի կողմից դրամական փոխանցումների ուշացման համար