
Այն տեսքը, որով մեզ է հասել ավստրիացի մեծանուն կոմպոզիտոր Գուստավ Մալերի թիվ 1 սիմֆոնիան, արդյունքն է բազմաթիվ վերանայումների, որոնք կոմպոզիտորը կատարել է ստեղծագործության առաջին մի քանի հանրային կատարումներից հետո, որոնք այնքան էլ մեծ հիացմունք չէին գտնում ունկնդիրների շրջանում։
Իր առաջին մեծակտավ ստեղծագործությունը երիտասարդ Մալերը երևակայում էր ոչ որպես սիմֆոնիա, այլ որպես «երկմաս սիմֆոնիկ պոեմ», որի թեմատիկ ոգեշնչման ակունքները բխում էին գերմանացի նշանավոր գրող Ժան Պոլի «Տիտան» վեպի փիլիսոփայական շերտերից, ինչի բերումով էլ սկզբանական շրջանում կոմպոզիտորն իր ստեղծագործությունը ներկայացնում էր «Տիտան» անվանումով։
Հետագա լրամշակումների արդյունքում լիարժեք սիմֆոնիա դարձած ստեղծագործությունն իր մեջ կրում է գաղափարական և հուզական հղումներ առ բնությունը, մարդու ներաշխարհը և ճակատագրական ուղին, որով նա անցնում է իր կյանքի ժամանակում։
Գուստավ Մալերի Թիվ 1 սիմֆոնիան հրավիրում ենք ունկնդրելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ փետրվարի 8-ին՝ ժ․19։30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։